• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանը կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի Բրատիսլավայում

ByEditor

Jun 1, 2023

Այս օրերին ամփոփվում են Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները, որի արդյունքում հայտնի կդառնան այն 5 մասնակիցները, որոնք պիտի ներկայացնեն Հայաստանը սեպտեմբերին կայանալիք միջազգային փուլին:

Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը: Հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել 36 աշակերտ, որոնք հաղթահարել էին մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը, գործընկերների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ: Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:

Հունիսի 2-ին` ժամը 14:00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա  տնտեսագիտական միջոցառում-ֆորում, որի ընթացքում կհայտարարվեն օլիմպիադայի միջազգային  փուլի մասնակիցների անունները, նրանց կհանձնվեն պատվոգրերը, կամփոփվեն տնտեսագիտական  էսսեների մրցույթի արդյունքներն, ու կպարգեւատրվեն հաղթողները: Տնտեսագիտական թեմաներով քննարկում կծավալվի ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ: